Բան ԺԵ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Արդ, նույն ցավագին հեծեծանքներով վշտահար սրտիս
Եվ բոլորովին տագնապած հոգուս տառապանքներով,
Այս անգամ դարձյա՛լ միևնույն ոճով դիմելով ես քեզ,
Ամենապարգև քո բարերարի գո՜ւթն եմ խնդրելու։
Պաղատում եմ իբրև մեռյալ՝ կենդանի անմահ Աստծուդ,
Փառքիդ հանդեպ իմ անարգությունը խոստովանելով,
Ինչպես և քո բարությունն իմ չարությունների դիմաց.
Որոնցով հաղթվեցի ինքս, քան թե բուժվեցի,
Ամաչեցի, քան թե համարձակվեցի,
Ուխտակորույսս ես և ավանդամոռաց։
Այն ոչխարի պես, որին օրինակ է բերում առակն երկրորդ,
Ես էլ ծայրահեղ չափով մատնված անզգայության
Ու մոլորվելով անմարդաբնակ լեռներում,
Եվ դևերի հետ գազանաբարո վայրի կուռքերի մեջ թափառելով,
Առանց թեկուզ փոքր-ինչ հոտին մոտենալու,—
Չունեի լեզու, որով պատմեի ցավերն իմ տանջող,
Ոչ էլ ձեռք, որի շարժուձևերով համրերն են իրենց մտքերը հայտնում։
Իսկ դու, միա՜յն գովյալդ, սկսած նախնի սերունդներից մինչև այսօր,
Գտնելով և ինձ՝ մեղավորիս էլ մոլորության մեջ անլույս ու անել,
Ըստ գոչման առ քեզ մաղթանք երգողի,
Քո խնամարկու կամքի տեսչությամբ Հովիվ կոչվեցիր.
Ոչ միայն հոգ տարար, այլև փնտրեցիր,
Եվ, ո՜վ հրաշագործ, ոչ միայն գտար, այլև անճառելի բարերարությամբ
Վերցրիր սիրով դու կենդանարար քո ուսի վրա,
Եվ քո երկնային զորաց հետ մեկտեղ՝
Քո հայրենական ժառանգության մեջ դասեցիր ինձ։
Բ
Եվ արդ, դու հզո՜ր, կենարար, օրհնյալ, այցելու, գթած և մի՛շտ ողորմած,
Դու, որ ընդունեցիր նրանց անխոս աղերսանքները,
Որոնցից մեկը մահացու խոցված՝ չարչարվում էր խիստ,
Մյուսն անբանների անզգայությամբ
Փախել էր դեպի հեռու ամայի վայրեր անբնակ,
Եվ վտարանդի, շվար ու վհատ՝ բառաչում էր խեղճ, անիմաստորեն,—
Քո աստվածային բարեխնամությամբ տիեզերահրաշ
Ցույց տվեցիր դու հոգածությունդ թշվառության մեջ կորածի հանդեպ,—
Հայտնիր արդ և ի՛նձ գթությունդ խոր և բարիքներիդ հորդումներն առատ,
Ինձ, որ բերված օրինակներից շատ ավելի եմ եղել անօրեն.
Ինձ, որ մահապարտ եմ բազմօրինակ.
Ինձ, որ բարության քաղցր խառնուրդում՝ հատուկ համ եմ չար.
Ինձ, որ արժանի եմ անդամներիս հատմանն արդարև,
Ինձ՝ համաճարակ ախտով վարակված վիրավոր հոգուս.
Ինձ, որ անզգա անասուններին եմ հավասարվել
Եվ օտարացել իմաստունների ընտանությունից.
Ինձ, որ նման չեմ բնությամբ ինձ պես բանականներին։
Եթե մի օրինակ ունենայի, ես կասեի.
Թե նմանակից ունենայի՝ կպատմեի.
Թե հանգունակից ունենայի՝ կխոսեի.
Թե ինձ հավասարն ունենայի՝ կգրեի.
Թե նույն բանը անող ունենայի՝ ցույց կտայի.
Թե ինձ համեմատն ունենայի՝ կիմացնեի.
Թե անցյալում լիներ՝ կսփոփվեի.
Թե ներկայումս՝ կհուսայի։
Սակայն, քանի որ ոչ նմանս ունեմ, ոչ էլ օրինակ,
Ուստի դո՛ւ միայն կարող ես քավել ու բժշկել ինձ և կենսագործել,
Կենդանարարդ բոլոր մեռելների և նորոգո՛ղդ տիեզերաց։
Գ
Զի եթե երանելի Դավթի սուրբ սրտի տեսությամբ՝ գործած չարիքներն ու
Իր անօրենությունները գլխից ավելի վեր բարձրացած էին,
Եվ մեղքերն ու հանցանքները դժվարակիր բեռների նման ծանրացած սաստիկ,
Հապա ուրեմն իմ սխալմունքներն ավելի են, քան
Տիեզերասույզ, ամենասպառ ծովի ջրակուտակ հեղեղի հորդությունն ու անցնում են բոլոր լեռների կատարներից։
Բայց թող որ փչի քաղցրաշունչ քամիդ,—
Ինչպես այդ եղավ Նոյի ժամանակ,—
Որ լեռներն անգամ կարող է հալել,
Ցամաքեցնելու բազմաբովանդակ ջրակույտն իմ երկրակործան հանցանքների
Ու լեռնակարկառ բարձրությամբ դիզված մեղքերն իմ բոլոր։
Դ
Եվ արդ, համառոտ քո խոսքով հզոր,
Եվ ամենակարող հնարավորությամբ կարճ դատաստանիդ,
Ըստ մարգարեի, քավության մի ելք ցույց տուր ինձ՝
Անօրենության մեջ ընդերկար մոլորյալիս։
Եվ դու, ներելով համառությունն իմ,
Ո՜վ երկայնամիտ, ողորմած, օրհնյալ,
Շնորհի՛ր ինձ կատարյալ թողություն և բարեգործիր ճշմարտապես,
Ջնջի՛ր բոլորովին՝ անվճարելի պարտքերիս արժանահատույց տոկոսների տույժը տաժանակիր։
Չէ՞ որ դու չունես ցասումնալից սիրտ ու բարկություն բորբոք,
Ինչպես նաև չկան քո մեջ նենգություններ և նշաններ մթության,
Քանզի դու կյանք ես կամենում և լույս,
Դու մահ չստեղծեցիր և, ըստ Դավթի ու Սողոմոնի,
Մարդու կորուստը քեզ ուրախություն չի պատճառում։
Ե
Քո բարեվիճակ կանոնների մեջ դու մեծագույն պայման սահմանեցիր մարդկանց համար՝
Չարությունը չարությամբ չփոխհատուցել,
Այլ մի օրվա մեջ մինչև իսկ յոթանասուն անգամ յոթ գործած մեղքերը ներել պատգամեցիր մեզ,
Մեզ, որ ի բնե հակամետ ենք միշտ ի հայտ բերելու բյուր ու անհամար չարության բծեր,
Որոնք աճում են ու միշտ նորոգվում
Մեր ամեն տեսակ փշեր բուսեցնող բնության դաշտում՝
Համաձայն անսուտ քո վկայության,
Թե՝ «Մարդու միտքը իր մանկությունից տրամադիր է չարիք գործելու»։
Քո Կենաց բանի ավետարանիչ Հովհաննեսն անգամ,
Որը մաքուր էր կատարելապես,
Նա ինքը՝ որպես հասարակության բնության լծակից,
Ամբողջովին արդարացած՝ քո ճշմարտությունը հաստատեց իմ ստության հանդեպ։
«Եթե ասենք, որ ոչ մի մեղք չունենք,— ասում է նա,—
Սուտ դուրս բերած կլինենք նրան»։
Արդ, կատարված է խոսքդ խնկելի
Եվ լիովին ստույգ արդարացված՝
Իմ մոլորության խիստ դժնդակ անիրավության հանդեպ։
Ուստի խնայի՛ր ինձ ողորմությամբ, քաղցրահա՜մ աղբյուր,
Դո՛ւ միայն օրհնյալ հավիտյանս. ամեն։