Բան ԺԴ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Պաղատում եմ քեզ, լույսի՛ ճառագայթ, արքա՛ երկնավոր,
Գովյալ անպատում, և անճառ Որդի Մեծիդ Աստուծո.
Ակա՛նջ դիր դարձյալ և այժմ ահա՛,
Բարձրյալ, բարեգութ, կյանքի ապավեն,
Վիրավորյալիս նվազաձայն հառաչանքներին։
Բ
Չի խոսված երբեք, թե քեզ աղաչեց ավազակներից խողխողվածը,
Քանզի կարկամած էր.
Ոչ էլ պաղատանքի ձայն արձակեց քո ետևից,
Քանզի անկռինչ էր.
Կամ մատների շարժումով աղետն ու վտանգը հայտնեց տեսնողիդ,
Քանզի խորտակված էր.
Ոչ էլ ողբագին արցունքներով լի աչքերը տնկեց բարերարիդ,
Քանզի վնասապարտ էր.
Եվ կամ միջնորդի բարեխոսությամբ ողորմածիդ կամքը սիրաշահեց,
Քանզի լքված էր.
Ոչ էլ ջախջախված մարմնի արյունով ներկված հագուստները ցույց տալով քեզ՝
Գթածիդ սիրտը ճմլեց, քանզի հուսահատ էր.
Ոչ էլ հաստատուն ծնկներով՝ իբրև ոտքի գարշապարով՝ չընթացավ,
Քանզի անկանգնելի էր.
Զի կիսամեռ ասել կենդանուն՝ հեռու չէ այնքան մեռելությունից։
Մանավանդ որ խոսքով քո խրատվելուց,
Ողորմությամբդ բարերարվելուց
Եվ քո փառքով լուսավորվելուց հետո էլ դեռ,
Ոչ միայն չդադարեց քեզ հակառակ ընթացք բռնելուց,
Այլև չենթարկվելով, գլուխ բարձրացրած՝ իր թշնամյաց կողմն անցավ
Եվ նրանց հետ մեկտեղ դաշն կնքած՝ միաբանեց քեզ ատողների հետ։
Գ
Իսկ դու, բազմապարգև, բարերար, անոխակալ և ամենափրկիչ,
Ոչ միայն չհիշեցիր մեղքերն այդ չարագործի,
Այլև ոչ իսկ խոսքով հանդիմանեցիր.
Չոտնահարեցիր ընկածին, այլ կարեկցաբար մոտենալով նրան,
Ծայրագույն խնամք ցուցաբերեցիր։
Քահանայապես, ըստ ահարոնյան տկար օրենքի,—
Որ զորավոր է մահ գործելու մեջ,
Դատապարտիչ անեծքներով և բռնալիր քարաձգությամբ,—
Դու չփութացիր վիրավորվածին խորտակելու.
Եվ ոչ էլ, ինչպես ղևտական առաջնորդն այն թերապաշտոն,
Որը երկուսի միջև իբրև բաժանող անջրպետ՝
Հնի լրումն էր և սկիզբը նորի,
Եվ որ հոգեզուրկ ապաշխարության հրավիրակ հանդիսացավ,—
Վիրավորյալի տագնապը տեսար.
Որ չլինի թե արմատակտուր տապարի օրինակով,
Քո մեջ չարատանջ մահվան պաշտոնը նկատելով,
Սատակի գալիք փորձություններին դեռևս չենթարկված.
Այլ պահպան անուն ասորեստանցի հեթանոսներին,
Որոնք ստացան իրենց օրենքը հրեաներից
Ու պահեցին միշտ, մինչդեռ նրանք մոռացան,—
Կցորդվելով՝ մեր բնությամբ խառնված մարմնիդ վերարկուով,
Օտար ազգերին էլ ազատության ավետիս համբավեցիր
Եվ աստվածային քո ներգործությամբ անապական՝ ձեռք երկարելով՝
Մահացու կերպով մեղանչած մարդուն կանգնեցրիր դարձյալ իր սերունդներով։
Տխրաբեկ սիրտն ուրախացրիր և վհատյալին հուսադրեցիր,
Եվ թշվառին զվարթացրիր դարձյալ.
Ավազանի կենարար օծմամբ և բաժակով լույսի՝ լցրիր.
Նորոգեցիր հացով քո երկնային՝ արարչական մարմնով.
Երջանիկների և ընտիրների վերակացությամբ
Խնամարկեցիր ու փայփայեցիր ու դարմանեցիր,
Եվ հանդարտընթաց գրաստի խնամքին հանձնելով նրան՝
Անփորձ պահեցիր, մինչև հանեցիր հարկը լուսեղեն։
Առաջին և երկրորդ կենդանատու Կտակարանների միջնորդությամբ խնամք տարար դու մարդասիրաբար։
Եվ, ինչպես երբեմն Մովսեսի օրով թևատարած արծվի պես ընդունեցիր
Եվ բարի երկրի խաղաղ հանգստին առաջնորդեցիր,
Հրամայելով վարդապետներին՝ խոսքի կերակրով սնել նրան։
Դ
Եվ արդ, դու, որ ողջ առավելագույն լույսդ բարության
Ամեն բանի մեջ բովանդակապես հրաշագործեցիր,
Ցրվողի գանձը սեփականելով՝ քո ստացվածքը վերադարձրիր քեզ,—
Ինձ էլ ապրեցրու՝ մեղքերի պարտքերն իմ մաքրելով,
Ո՜վ դու, որ պարգևում ես ձրի և հանպատրաստից,
Շնորհի՛ր և ի՛նձ քավություն ու բժշկություն,
Բարեգո՜ւթ, զորեղ, անքնին, անեղծ, ահավոր,
Օրհնյալ միշտ, հավիտյանս հավիտենից. ամեն։