Բան ԺԳ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Աստված բարերար, հզոր, ահավոր,

Շնորհատո՛ւ, բարի, դու Հա՜յր ողորմած.

Անունդ անգամ քո մեծությունն ու գթությունը և քո մտերմությունն է ավետարանում,

Քաղցր ես դժնիների և անգոհների համար.

Քեզ հետ Որդիդ էլ նման է միշտ քեզ, ձեռքիդ պես նրա ձեռքն էլ է զորեղ,

Անժամանակ տերությամբ ահեղ՝ քո արարչությամբ ինքն էլ բարձրացած։

Նաև Սուրբ Հոգին քո ճշմարտության՝ բխելով քեզնից անսպառորեն,

Իբր աստվածային կատարյալ իսկություն և էություն մշտնջենական,

Ըստ ամենայնի հավասար է քեզ և իշխանությամբ՝ փառակից Որդուդ։

Երրյակ անձնավորություն՝ համակ անքնին,

Հատուկ առանձնացումով տրոհված անձեր,

Բայց միավորված համազուգությամբ,

Նույնագո բնությամբ տիրապես, անշփոթ և անանջրպետ

Միևնույն կամքով և գործակցությամբ,

Ոչ մեկը մյուսից ավագագույն չէ,

Եվ ոչ էլ մի ակնթարթ նույնիսկ մեկ-մյուսից նվազ երբևիցե,

Այլ իբրև պատճառ երկնային սիրո անստվեր լույսի, հայտնված մեր մեջ,

Սրբասացության միակ պսակով՝ անսկզբնաբար աստվածաբանված։

Բ

Քանզի արդարև բարձրաձայն այս խոստովանությունը երեք փառատրյան այդ դավանության՝

Պետրոսին հավատքի վեմ կոչվելու երանության արժանացրեց —

Դատապարտյալիս մեղավոր հոգին բարեհրաման քո ակնարկությամբ,

Ո՜վ դու, որ փնտրում ես գերյալիս, հրաշանորոգ թո՛ղ արդարացնի։

Զի քոնն են թեև պարգևներն ու ողորմությունները,

Բայց դու ո՛չ այնքան քո պարգևներով, որքան ողորմությամբ ես հռչակված.

Քանզի երկրորդը քո փառքն է ավելացնում,

Իսկ առաջինն առաքինական գործի է հայտարար.

Զի պարգևները փոխարինություն են ծառայության դիմաց,

Իսկ ողորմությունը՝ բարերարություն մեղավորիս։

Գ

Եվ արդ, մարդկային գործերը թող որ չգերազանցե՜ն իրենց զորությամբ քո շնորհներին, գթառա՜տ Աստված,

Եթե մինչև իսկ անցավոր բնության օրենքներից էլ վեր լինեն նրանք.

Այլ հաղթող հանդիսանալով քո երկայնամտությունը,

Երկրածինների ընթացքը երբեք չհավասարվի՛ թող քո գործերին։

Քանզի և նրանք, որ օրենքների մաքրությամբ իրենց պարծենում էին,

Քո արդարության լույսը երբ ծագեց,—

Որ նոր օրենքի ճշմարտությունն էր ծանուցանում,—

Հրեաներն հետին անձկությամբ լքված ու նվաստացած,

Ավելի քան տարագիրներն ողորմելի՝ մարդասիրությանդ կարոտ եղան։

Եվ քանզի ամենայն ինչ հնարավոր է քեզ, բարերա՛ր,

Լսի՛ր ողբաձայն պաղատանքներս, որ ուղղում եմ քեզ.

Ողորմիր, փրկիր և մարդասիրիր, զի երկայնամիտ ես դու,

Եվ քոնն են քաղցրություն, փրկություն և քավություն և փառք

Բոլոր հավիտյան ապրող ազգերից. ամեն։