Բան ԺԱ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ արդ, ես հետինս դավանողների, բարիքներից ունայն՝
Մտքիս աչքերով դիտելով սկիզբն իմ եղելության,
Որը տեղի ունեցավ Արարչի ձեռքով, անէությունից,— հավատում եմ լիահույս,
Թե Հիսուս Քրիստոս կարող է անել, ինչ որ կամենա։
Քանզի հավատացի, ուստի և խոսեցի,
Պողոսից խրատված և սովորած՝ Դավթից.
Ուրեմն այժմ թող նրանց կենդանի աղոթքն ինձ օգնի՝
Հավատքով ճանաչել նրան ճշմարտապես
Եվ նրա հարության զորությանն, ըստ առաքյալի,
Եվ հաղորդակից լինել նրա չարչարանքներին,
Եվ այն բոլորը, որոնք հիշվում են հաջորդ տողերով։
Կցորդ է սրան և հույժ նմանատիպ՝
Հավատալն իսկապես և այն նոր փոփոխության,
Որով մեղավորը դուրս է գալիս քավված,
Չարագործն՝ արդարացած և անմաքուրը՝ սրբված,
Եվ անքավելի մահացու մեղքով հանցավորս ես՝ անդատապարտելի երանության
Եվ ստրկական կապանքներից զերծ՝
Երկնավոր ազատության տիրացած։
Բ
Եվ ի՞նչ կա արդյոք ավելի չքնաղ, քան սիրտն այն մեղավորի,
Որն իր միտքը զտած տարակուսանքի թանձր խավարից,
Եվ Աստուծո օգնությունն ստացած,
Երբ մի կողմից մարմնապես ծիծաղում է, մյուս կողմից հեծում հոգեպես։
Այդպիսին թեպետ գերագույն բարձրությունից,
Նորագյուտ և անհերքելի մեղքերով ծանրաբեռնված
Սուզված է խորը՝ կործանման գուբի անդունդն անհատակ,
Սակայն փրկավետ կյանքին մոտեցնող նշխարը ունի,
Որպես լուսեղեն մի կայծ իր մտքում և հոգում պահած.
Ինչպես թանձրամած հուրն այն նշանավոր և զարմանալի՝
Հրամանով Վեհի մակարդված հրաշքով՝
Խորունկ հատակում նիրհող ջրհորի։
Ուստի և ահա՛ թախծալից իսպառ մեղավորը հեգ,
Որ կորցրել է բարին գտնելու ակնկալությունն
Ու զրկվել շնորհի համարձակությունից,—
Կարող է հուսալ, թե կրկին անգամ հասնելու է նա
Նախապես իրեն պարգևված փառքի զարդարանքներին։
Զի Աստուծո կողմից է պատրաստվում նաև այս, որ գործադրվի սույնի վերաբերմամբ,
Քանի որ սա ամենահնար տվողի զորությունն է ավետարանում,
Որով հաճելի խունկ է հոտոտում Աստված,
Քան ամենաանուշ բույրերը բոլոր,
Քան խունկն այն, որ մանր աղալով, երբեմն խորանի համար էին պատրաստում.
Ի՛սկը համակերպ այն հոգիներին,
Որոնք զղջումով խոնարհվել են վար,
Նույն նմանությամբ իրար միանալու։
Ըստ որում և փրկիչը բոլորի՝ կույրերից ոմանց հարցնելով,
Թե՝ «Հավատո՞ւմ եք, որ ես կարող եմ ձեր աչքը բանալ»,
Լույս չպարգևեց նրանց աչքերին,
Մինչև նրանցից հաստատ հավատքի գրավական չառավ։
Ի՞նչն է մեզ համար ավելի անհույս, քան թե հավատալ,
Թե չորս օրվա մեռելը կարող է կրկին կենդանանալ։
Եվ սակայն կանայք, հավատքով լցված,
Որոնք ընկան ոտքերն Արարչի,
Տեսան անհապաղ Աստուծո փառքի ապացույցը պարզ,
Երբ նրանց եղբայրը կենդանացավ։
Գ
Իսկ այն մասին, թե մեղանչումից հետո էլ մնում է շնորհն անկապտելի՝
Կան հզորագույն վկաներ.
Նախ Ենովքն ու Ահարոնն, ապա
Նրանցից հետո Դավիթը և Պետրոսը դարձյալ,
Որոնց հետ նաև Եղիազարը կրտսեր,
Որ ողորմություն գտնելով մեծն Աստուծո կողմից՝
Վկա հանդիսացավ մեծագույններին։
Ավելորդ է առ այս հիշել և՛ առակը անառակ որդու։
Թողնում եմ պոռնիկին, որ Տիրոջից գովվեց,
Եվ մաքսավորին, որ բարեգործից հիշատակվեց,
Նաև երջանիկ այն ավազակին,
Որը վերջին շնչում պսակվեց շնորհիվ իր հավատքի.
Եվ նույնիսկ նրանք, ովքեր մասնակից եղան Արարչի սպանմանը,
Որ հանցանքներից ամենից անքավելին է։
Դրանցից էր ինքը՝ Պողոսն ընտրյալ,
Որ առաջինն էր անօրենների մեջ մի ժամանակ։
Սրանցից ոմանք, որոնք օրենքի ճանաչողությամբ հանդերձ գլորվեցին,
Քան օրենքից առաջ ապրողների առավելությունը,
Վերականգնեցին կրկին նախկին կյանքն իրենց հազարապատիկ գերազանցությամբ։
Իսկ նա, որ նախքան օրինակի տրվելը՝ ավանդությունն էր պահել հայրենի
Եվ ավելի մոտ է եղել հավատքի սկզբնահոր պատվիրանին,
Եվ նախամարդու մեղապարտությունն իրենը համարելով՝
Տուժել էր իր տաժանագին տառապանքներով,—
Քավություն գտավ ոչ թե հողի տակ թաղվելով,
Այլ հզորապես հաղթահարած բռնությունը մահվան՝
Իր չարչարելի մարմնով դեպի երկինք փոխադրվելով,
Հանդիսանալով բանականների կյանքի կարապետ։
Դ
Իսկ ոմանք դեռ խակ՝ տհաս հասակից չարությամբ տարված,
Երբ տարիքն իրենց առան կատարյալ,
Ոչ թե թափվեցին բարձրությունից վար,
Այլ աշխարհային կյանքի դժնդակ թշվառությունից՝
Բարձրացան դեպի կամարն երկնքի։
Եվ եթե կանխապես կարելի եղավ չարերին դարձի բերել վերստին
Եվ մեր հողանյութ գոյացությունը փոխել ոսկեղենի,
Պատկերն արքունի՝ կերպարանքին մեր ի պատիվ՝
Նկարված խորքը մեր հոգու քանդակումով արքայական,
Մեր բնությունն անկորուստ և անփոփոխ
Եվ դավադրության դեմ անպարտելի,—
Ապա, առավել հուսալի է այժմ անքող և անծածկույթ
Շնորհաց հայտնությունը, ուխտված մեր Տեր Քրիստոսով,
Ինքը լինելով հաշտարար միջնորդ
Եվ երկնային անմահ, կենդանի ու մշտնջենավոր բարեխոս,
Որով հաստատուն կմնա մեր մեջ Տիրոջ խոսքը միշտ, ըստ մարգարեի.—
«Ուխտ խաղաղության և կնիք հաստատության»։
Ուրեմն և ես այս ճշմարտագույն կանոնի, անփոփոխ վճռի
Եվ արարչավանդ պայմանի համաձայն, ահա՛,
Հավատավորի իմ շրթունքներով համբուրում եմ ճշմարտությունն այս խոսքի
Եվ հույս ունեմ՝ փառքի շնորհին արժանանալու.
Քանզի, արդարև, երբ Աստված ինքն է մեզ արդարացնում,
Ոչ ոք չի կարող մեզ դատապարտել, ըստ հաստատ խոսքի առաքելական։
Ե
Այս պայծառ գծագրված վստահությանն ապավինած, ահա՛,
Կանգուն եմ կործանյալս դարձյալ, և թշվառացյալս՝ հաղթող,
Մոլորյալս կգամ կենարար դարձի,
Ամենաթշվառ չարագործս՝ դեպի հույս,
Մահվան մատնվածս՝ դեպի կյանք,
Ապականությամբ վաճառվածս՝ դեպի շնորհ,
Դժոխային գործերով տարվածս՝ դեպի լույս,
Երկրասեր անասնակենցաղս՝ դեպի երկինք,
Կրկնակի մոլորյալս՝ դեպի փրկություն,
Մեղքերով կապկապյալս՝ դեպի հանգստյան խոստում,
Անբժշկելի վերքերով վարանածս՝ դեպի դեղն անմահական,
Ստամբակյալս վայրագաբար՝ դեպի սանձ զսպողական,
Հեռացյալս վարատական՝ դեպի կոչում,
Դժնդակ կամակորս՝ դեպի հեզություն,
Ընդդիմախոս հայհոյողս՝ դեպի ներումն,
Եվ այս բոլորը շնորհիվ Հիսուս Քրիստոսի
Եվ նրա Հոր հզոր և ահավոր
Եվ ճշմարտության Հոգու անունով ու բարի կամքով,
Որոնց օրհնաբանված իսկությանը և մի աստվածությանը
Ե՛վ զորություն, և՛ արքայություն, և՛ մեծություն, և՛ փառք
Հավիտյանս. ամեն։