Բան Ժ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Թե՛ զղջումն ուժգին և թե՛ մոլեգին մեղանչումը մեզ

Կորստյան են մատնում հավասարապես,

Թեպետև նրանք օտար են միմյանց և նմանությամբ իրարից տարբեր,

Բայց եթե քննենք յուրաքանչյուրի էությունը մենք,

Պիտի տեսնենք, որ նրանք երկուսն էլ մղում են մարդուն հուսահատության։

Զի կասկածում է մեկը Հզորի ձեռքի զորությանն,

Իսկ մյուսը չորքոտանի անասնի նման, անզգայաբար

Խզում է հույսի առասանն իսպառ։

Ուստի առաջնին միշտ փաղաքշելով՝ խնդում է սատանան,

Իսկ երկրորդով, լիզելով արյունն, իբրև կերակուր՝

Պարարվում է նա դժոխորովայն գազանի նման։

Բ

Արդ, բազմահարված բրով ծեծվածի և մահվան ափը հասածի նման

Դույզն-ինչ շունչ դարձյալ և կենդանության ոգի առնելով՝

Պետք է զորանալ, կազդուրվել ու կանգնել,

Հառնել կորստից անկենդանական,

Օգնություն առած Քրիստոսի ձեռքով, որ գո՜ւթ է տածում բոլորի հանդեպ.

Նաև երկնավոր բարերար Հորից ձեռք բերել պտուղ փրկության և բժշկության

Ինձ՝ մեղավորիս և ախտավորիս.

Եվ սկսելով ողբերգությունն այս աղերսանքների,

Ես հավատքի շենքը պիտի կառուցեմ։

Զի ոմն նախնիներից հավատքով զինված՝

Փոխադրվեց իսկույն երկնային կյանքն անմահական.

Ապաշխարության դեղն ընդունելով, զղջման միջոցով՝

Նա անեղծության գրավականը ժառանգեց այստեղ,

Առավել քան նրանք, որոնց նրա հետ առաքյալն է հիշատակում.

Որոնք երկրի վրա մրցման հանդեսներ կատարելով,

Ապագա երկնավոր պարգևների հույսով՝ հավատացին

Ու փարթամացան անտեսանելի ճոխություններով։

Գ

Արդ, հիշե՛նք այստեղ Տիրոջ պաշտելի խոսքը խրախուսիչ,

Թե՝ «Ամենայն ինչ հնարավոր է նրան, ով հավատում է»։

Եթե ընտրյալների աստվածահաճո բարեմասնությանց չափն այստեղ քննենք,

Հավատքը պիտի գտնենք գերազանց, ամեն ինչից վեր,

Քանզի նրանով կարող են մտնել սուրբ խորանից ներս։

Առանց հավատքի փառաց Տերն անգամ

Չհաճեց ցույց տալ իր հրաշագործ զորությունը մեզ,

Այլ նախ և առաջ իբրև լծակից իր բարերարությանը,

Մեր հավատքը նա պահանջեց մեզնից։

Նա՛ է մոտեցնում մարդուն առ Աստված,

Կյանք ընձեռելով մեզ իր ինքնիշխան ընդունակությամբ,

Զի օրհնաբանված Աստուծո բերանն էր, որ վկայեց,

Թե՝ «Հավատքը քո փրկեց քեզ»։

Դ

Քանզի արդարև հստակ տեսողությունը, կատարյալ իմաստությունը,

Մտերմությունն Աստուծո հետ և բարձրյալին ճանաչելը

Հավատքի մասն են — մի երջանիկ և ընտրյա՜լ բառ,

Որ հարատևելով մնում է անվթար և անպարփակ,

Պատվակից լինելով սիրո և հույսի։

Զի մանանեխի ամենափոքրիկ հատիկի չափով հավատքը եթե

Կարող է ծովի խորքը փոխադրել մեծամեծ լեռներ,

Ապա ճիշտ է, որ կյանքի առաջնորդն այս նախաշավիղ՝

Հավատն ընդունեցինք որպես աներկմիտ աստվածապաշտություն։

Սիրո և հույսի դասակից և Երրորդության փառատրելի անվամբ պատվված

Այդ հավատքն է, որ հոգու աչքերով աներկբայորեն

Տեսնում է ծածուկները բոլոր և ապագան։

Քանզի այս երեք առանձին մասերն եթե միասին և նույն խորհուրդով դիտես,

Նրանց շնորհիվ, Աստուծով պիտի հավետ ճոխանաս,

Քանզի եթե հավատաս նրան, կսիրես նաև,

Որով և կհուսաս նրա աներևույթ պարգևներին։

Նրան փա՜ռք հավիտյանս. ամեն։